AM
1 October 2012 - 09:01 AMT

Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգը և Մեդվեդևը կքննարկեն ՏՏ ոլորտում փոխգործակցության հարցը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովայի խոսքով, Մեդվեդևը և Ցուկերբերգը կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության և Սկոլկովո նորարարական կենտրոնում սթարթափների հարցը: Ցուկերբերգը նաև պլանավորում է հանդիպում անցկացնել Սկոլկովո հիմնադրամի նախագահ Վիկտոր Վեքսելբերգի հետ: Քննարկման առարկա կդառնա Սկոլկովո կենտրոնի զարգացումը և նախագծին մասնակցելու համար «մոլորակի լավագույն ուղեղների» ներգրավումը: Ցուկերբերգի այցի նպատակներից մեկը Facebook World Hack մշակողների մրցույթի հաղթողների հետ շփումն է, որոնք կստանան Կալիֆորնիայում գտնվող Facebook-ի կենտրոնակայանի ուղեգրեր:

Ցուկերբերգեի այցի նախօրեին ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ներկա պահին նա անցկացնում է Ռուսաստանից «ուղեղների արտահոսքի» նոր ագրեսիվ քարոզչություն` իր ընկերություն տանելով լավագույն ռուս ծրագրավորողներին, խոստանալով նրանց աշխատանքի շատ լավ պայմաններ և անհապաղ էմիգրացիա ԱՄՆ, հաղորդում է ՌԲԿ-ն: