AM
1 Հոկտեմբեր 2012 - 06:38 AMT

3 տարվա ընթացքում Հայաստանում կկառուցվեն 50 հա ընդհանուր մակերեսով ջերմատներ

Հայաստանում ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ:

Այդ նպատակով սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ընկերության հրավերով Հայաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP կազմակերպության ԱՊՀ և մերձբալթյան տարածաշրջանների պատասխանատու Բրիս Ռիշելը:

Բրիս Ռիշելը «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությանը և ներդրողներին ներկայացրեց RICHEL GROUP-ի կողմից արտադրվող ջերմատները, ջերմատների տեխնոլոգիական հնարավորությունները և կառուցման պայմանները, ինչպես նաև ջերմատների ձեռքբերման ֆինանսավորման հնարավորությունները: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց RICHEL GROUP-ից ջերմատների ձեռքբերումները մինչև 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկավորելու վերաբերյալ: Վարկավորումը կիրականացվի ֆրանսիական առևտրային բանկերի կողմից` ֆրանսիական COFACE ընկերության երաշխավորմամբ:

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 3 տարիների ընթացքում կկառուցվեն մոտ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմատներ: Ընդհանուր ծրագիրը նախատեսում է մասնավոր ներդրողների ներգրավմամբ Հայաստանում կառուցել մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ, հաղորդում է Կենտրոնի մամուլի ծառայությունը: