AM
5 March 2003 - 14:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵԼ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը սկսվել է կազմակերպված եւ առանց խախտումների: Այդ մասին այսօր «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը: Սակայն նա ասել է, որ դիտորդները այսօր նշում են որոշ թերությունների կրկնություն, որոնցից կարելի էր խուսափել առաջին փուլից հետո: Մասնավորապես, նրա խոսքերով, դեպքեր են գրանցվել, երբ մարդկանց անունները չեն հայտնաբերվում ցուցակներում եւ նրանք պետք է դիմեն դատարան իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար: Ընդ որում նա նշել է, որ նրանց թվում չկան այն անձինք, որոնք առաջին փուլում դատական կարգով վերականգնել են իրենց ընտրական իրավունքը: Յու. Յարովը հաղորդել է նաեւ, որ լուրեր են տարածվում, որոնք չեն հաստատվում ոչ մի դիտորդի կամ վստահված անձի կողմից, այդ թվում նաեւ Ս.Դեմիրճյանի: «Օրինակ, մեզ հաղորդել են, որ կեղծիքներ կլինեն այն բանի հաշվին, որ ընտրատեղամասերի համար նախատեսված կնիքով ծրարների վրա նշված են նրանց համարները, ԿԸՀ-ի կնիքի փոխարեն»,-ասել է Յու. Յարովը: Նա ընդգծել է, որ բոլոր տեղամասերում, որոնք նա հասցրել է այցելել, տվյալ տեղեկատվությունը ստուգվել է: «Մենք կարող ենք հայտարարել, որ մեր այցելած տեղամասերից եւ ոչ մեկում նման փաստեր չեն արձանագրվել»,-հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավարը: