«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Դարձնենք մեր քաղաքն ավելի լավ տեղ ապրելու համար» կարգախոսով citybugs.am կայքի շնորհանդեսը: Կայքը պատրաստել է «X-TECH» ընկերությունը, որը «Հեքըթոն[յան] Երևան 2011»-ին ներկայացրեց նախագիծը և ստացավ «Եվրասիա» հիմնադրամի մրցանակը: Ինչպես նշեց «X-TECH» ընկերության հիմնադիր և տնօրեն Արման Աթոյանը, կայքը պատրաստվել է 6 ամսվա ընթացքում: «Կայքն ունի քարտեզ, որի միջոցով կարելի է հայտնել կոնկրետ հասցեով խնդիրների մասին և կատարել լուծման առաջարկներ: Առանձնացված են տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության, կոմունալ տնտեսության, աղբահանության, բնապահպանության, մշակույթի, կրթության, շինարարության և բարեկարգման և այլ բաժիններ` բողոքներն ու առաջարկները դասակարգելու համար»,- նշեց նա` հավելելով, որ մոտ ժամանակներս պարզ կդառնա` արդյոք քաղաքապետարանը կհամագործակցի կայքի հետ` բողոքներն ու առաջարկները դիտարկելու և դրանց լուծում տալու հարցում:
Կայքը նախատեսված է բոլոր տեսակի բրաուզերների համար, իսկ մինչև տարեվերջ կստեղծվեն Mobile հավելվածներ iOS, Android պլատֆորմների համար: Ծրագրվում է նաև ստեղծել Սոցիալական վիդեո հոլովակ` կայքը արտասահմանյան Crowd-sourcing կայքերում ներկայացնելու համար:
Աթոյանը հավելեց, որ ընկերությունը մտադիր է նմանատիպ կայքեր ստեղծել այլ քաղաքների համար` gyumri.citybugs.am, vanadzor.citybugs.am, abovyan.citybugs.am և այլն: Ավելի հեռահար ծրագրերում նախատեսվում է ինտեգրել արտասահմանյան քաղաքները:
Կայքի պատրաստման գործընկերներն են «Եվրասիա» հիմնադրամը, «Այբ» դպրոցը, USAID-ը և Internews-ը:






