Վարդան Օսկանյանը Սիվիլիթասին վերադարձրել է ավելի շատ գումար, քան Հանթսմանը փոխանցել էր իրեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը` նշելով, որ դա կապված է տոկոսադրույքի և փոխարժեքի փոփոխման հետ. «Հանթսմանը Օսկանյանին փոխնցել էր 1 մլն 420 հազար դոլար, իսկ Օսկանյանը Սիվիլիթասին վերադարձրել է 1 մլն 556 հազար դոլար»:
Ըստ փաստաբանի` ԱԺ-ն պետք է փոխի իր ընթացակարգը, այլ դեպքում, ըստ փաստաբանի՝ անձեռնմխելիության ինստիտուտն անիմաստ կդառնա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նիքոլաս Քույումջյանը նշեց, որ, ըստ նրա՝ Օսկանյանի նկատմամբ գործ հարուցելը հենց ԲՀԿ-ի կոլաիցիա չմտնելու հաջորդ օրը հատուկ ուղերձ էր իշխանությունների կողմից: Ըստ նրա` այս գործում, հանցագործության որևէ ապացույց չկա. «Իրական քննության տարրական քայլեր չեն ձեռնարկվել, օրինակ, հենց ամենակարևորը` Հանթսմանի հետ խոսելը»:
Փաստաբան Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ օրերս քննակվելու է գործը միջազգային ատյաններ ներկայացնելու հարցը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել:
Իսկ սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:






