Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը որպես «անարդար» է գնահատել Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին Ս.Դեմիրճյանը լրագրողներին է հայտարարել իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո: Նրա խոսքերով, «կարելի է միանշանակ փաստել, որ երկրորդ փուլը անցնում է կեղծումներով եւ կասկածի տակ դնել նրա արդյունքները»: Մասնավորապես, նա նշել է, որ «արդեն գիշերը հայտնվել են բազմաթիվ քվեաթերթիկներ, նշված մյուս թեկնածուի օգտին, իսկ օրվա ընթացքում գրանցվել է տարբեր պատրվակներով ընտրատեղամասերից վստահված անձանց դուրս բերում»: «Մենք կանենք ամենը մեր ուժերի ներածին չափով եւ կտանք համապատասխան գնահատականներ»,- ասել է թեկնածուն: Միեւնույն ժամանակ Ս.Դեմիրճյանը համոզվածություն է հայտնել իր հաղթանակում «քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում»: