AM
4 Հոկտեմբեր 2012 - 08:48 AMT

Երևանում աշխատանքն է սկսել FruitFull Armenia ագրոֆորումը

FruitFull Armenia ագրոֆորումը սպասված և առանձնահատուկ միջոցառում է, որը բացառիկ հնարավորություն է տալիս քննարկել գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հետ գյուղատնտեսության արդի խնդիրները, բացահայտել զարգացման նոր ուղղություններն ու դրանք կիրառելի դարձնել գործնականում: Նման ներածական խոսքով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ավանդական դարձած ագրոֆորումում: Նա նշեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գյուղատնտեսության ոլորտը համարվում է գերակա ճյուղ, իսկ կառավարությունն իր հերթին լրացուցիչ ջանքեր է գործադրում այդ ոլորտի զարգացման համար:

Այդ առնչությամբ վարչապետը հիշեցրել է, որ 90-ականներին 65 տոկոսով կրճատվեցին աշխատանքները գինեգործության ոլորտում և այդ բնագավառում զգալի անկում գրանցվեց: Սակայն, վերջին տարիներին գինեգործությունը Հայաստանում վերածնվում է, և «այստեղ զարգացման հսկայական ներուժ կա»: Սակայն, ըստ վարչապետի, գինեգործությունը Հայաստանում պետք է զարգանա նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառմամբ, ինչպես դա անում է Էդուարդո Էոնեկյանը իր այգիներում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ՀՀ գյուղնախարարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի աճեցվող խաղողի որակը, որի պահանջարկն առաջիկա տարիներին կգերազանցի առաջարկը:

FruitFull Armenia ագրոֆորումն անցնում է Հայաստանում արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ: Այս տարի այն նվիրված է գինեգործությանը:

Իր հերթին Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան հավելել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կան մի շարք խնդիրներ՝ բարձր տոկոսադրույքներ, խոշոր գյուղացիական տնտեսությունների բացակայություն, արտահանման քաղաքականության բացակայություն, որոնք ցածր արտադրողականության պատճառ են հանդիսանում: Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում գյուղացիների եկամուտների բարձրացման ու նրանց բարեկեցության բարձրացման հիմքն է կազմում, ուստի ՄԱԿ-ն աջակցում է որպես խորհրդատու այդ ոլոտի զարգացմանն ուղղված առանձին ծրագրերին:

Ագրոֆորումին մասնակցելու համար Երևան են ժամանել միջազգային մասնագետներ, որոնք հանդես կգան զեկույցներով և կներկայացնեն ժամանակակից միտումները գինեգործության ոլորտում և կներկայացնեն իրենց փորձը: