Հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ նախագահի ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Պարգևատրմանը մասնակցեցին 121 ուսանողներ 5 համալսարաններից և 70 աշակերտներ 7 դպրոցներից ու ուսումնարաններից:
Այս տարի նախատեսված էին հետևյալ անվանակարգերը. Գլխավոր մրցանակ՝ 1200 դոլար, Լավագույն ասպիրանտ I աստիճան՝ 1000 դոլար և II աստիճան՝ 750 դոլար, Լավագույն մագիստրոս՝ I աստիճան-750 դոլար և II աստիճան՝ 500 դոլար, Լավագույն բակալավր՝ I աստիճան-500 դոլար և II աստիճան-400 դոլար, Լավագույն սփյուռքահայ մասնակից՝ I աստիճան-750 դոլար և II աստիճան՝ 500 դոլար, Լավագույն ուսանող՝ 500 դոլար, Լավագույն դպրոցական՝ 100 դոլար:
Ինչպես նշեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսաելյանը, դպրոցականներն ուղղակի շատերից, նույնիսկ բուհերի ուսանողներից առաջ անցան իրենց գիտելիքներով: «Մի կողմից մեզ ուրախացնում է, որ դպրոցականները նման հմտություններ ունեն, մյուս կողմից տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ շատերը այլ մասնագիտություն են ընտրում»,-ասել է նա: Ըստ նրա, շատերը նրանցից մտադիր են դառնալ տնտեսագետներ, իրավաբաններ, չնայած նրան, որ ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է: Հայաստանյան շուկայում այսօր մոտ 2000 պրոֆեսիոնալ ինժեներների պահանջ կա, իսկ աշխատաշուկայում դա ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկն է»,-ասել է նա՝ հավելելով, որ այս մրցանակաբաշխությունը ևս ուղղված է այդ ոլորտի զարգացումը խթանելուն և երիտասարդ մասնագետներին ներգրավելուն:
Գլխավոր մրցանակակիր Հրաչյա Քոչարյանը, որը «Քվանթ» վարժարանի սան է, նույնպես մտադիր չէ շարունակել ուսումը ՏՏ ոլորտում, նա մտադիր է տնտեսագետ դառնալ կրթություն ստանալով արտերկրում, քանի որ, ըստ նրա, Հայաստանը նման մասնագետների կարիք ունի:
ՏՏ բնագավառում նախագահի կրթական պարգևը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ բնագավառի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում: