AM
5 Հոկտեմբեր 2012 - 07:09 AMT

Բացվեց 8-րդ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային 120 կազմակերպություններ: Մասնակցներ կան Կորեայից, Սինգապուրից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից և այլ երկրներց: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը բացման խոսքում նշեց, որ ԴիջիԹեքը փայլուն հարթակ է մեր և օտարերկրյա ընկերություննների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու նոր գործընկերներ և հնարավորություններ.«Այն մեր տնտեսական կյանքի կարևոր միջոցառումն է: Տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներց է: Այս ոլորտում մենք ունենք շուրջ 350 կազմակերպություն և 7000-ից ավելի մասնագետներ»:

Նշենք, որ ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

• The World of Engineering (ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն) – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: «Ճարտարագիտության աշխարհը» ներառում է ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները:

• ԴիջիԼայֆ սեմինարներ – սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում»

• DigiTec Startup հատված– Ցուցահանդեսի շրջանակում խրախուսվել է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: Startup հատվածը ցուցահանդեսում կներկայացնեն 12 նորաստեղծ ընկերություններ:

• Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ- Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Մասնակից կազմակերպություններից են` «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Սփյուռ», «Մակադամիան» ԷյԱր, «Սորսիո», «ԱյՓիԷսՍի» և այլն:

• ArmRobotics– Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն

• Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն

Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: