AM
8 Հոկտեմբեր 2012 - 10:09 AMT

Գինեգործության զարգացման ռազմավարության նախագիծը կներկայացվի Արդյունաբերական խորհրդի քննարկմանը

Առաջիկայում Հայաստանի վարչապետին առընթեր Արդյունաբերական խորհրդի քննարկմանը կներկայացվի գինեգործության զարգացման ռազմավարության նախագիծը և համապատասխան միջոցառումների ծրագիրը: Այդ մասին Երևանում հոկտեմբերի 8-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի վարիչ Հայկ Միրզոյանը: «Նախագիծն արդեն պատրաստ է, այն կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում, որից հետո կներկայացվի կառավարություն»,- ասել է նա:

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ին հաստատել է Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որն ուղղված է զարգացած արդյունաբերական համակարգի ձևավորմանը, ուղղված արտահանմանը, ինչը խթան կհանդիսանա միջազգային չափանիշներին համապատասխան ապրանքների արտադրության, արտաքին շուկաների ընդլայնման և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

Փաստաթղթում նշվում են երեք պայմանական փուլեր, որոնք կապահովեն զարգացում 11 ոլորտային ուղղություններով: Ռազմավարության մեջ ընդգրկված բոլոր ուղղություններով կմշակվեն առանձին հայեցակարգեր: Դրանցից առաջին երեքի համար` կոնյակագործություն, դեղագործություն և ճշգրիտ ինժեներիա, դրանք արդեն նախապատրաստվել են:

Միրզոյանի խոսքով, Հայաստանում գինեգործության զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է վեց հիմնական ուղղություններ, որոնց շարքում` հումքային բազայի ստեղծում, պրոֆեսիոնալների պատրաստում, արտոնյալ վարկերի տրամադրում, ներքին շուկայում գինու սպառման ավելացում և այլն:

Այդ առումով փորձագետը հավելել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանում գինեգործության ոլորտն արձանագրում է միջինում 20 տոկոս աճ: «Հայաստանում գինու արտադրությունը 2012-ի առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ, նրա խոսքով, նշված շրջանում իրացման ծավալների աճը կազմել է 32.9 տոկոս, իսկ արտահանման ծավալներն ավելացել են 16.7 տոկոսով»,-ասել է նա:

Ներկա պահին նշված ոլորտում գործում են 20 ընկերություններ 520 աշխատողներով:

Հայկ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ գինեգործության զարգացման ռազմավարությունը նախատեսում է գինու արտադրության եռակի ավելացում մինչև 2020-ը` 5.6 մլն լիտրից մինչև 17.5 մլն լիտր: