AM
8 Հոկտեմբեր 2012 - 11:02 AMT

Իտալացի սոմելիեն խորհուրդ է տալիս Հայաստանին շեշտը դնել խաղողի տեղական տեսակների վրա

Իտալացի սոմելիե, Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի (FISAR) անդամ, 2011-ին ֆեդերացիայի կողմից լավագույն սոմելիե ճանաչված Լուկա Կանապիկին կարծում է, որ Հայաստանում գինեգործության զարգացման համար մեծ պոտենցիալ կա: Նա այդպիսի կարծիք է հայտնել հոկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում, այն բանից հետո, երբ երկու օր համտեսել է հայկական գինիները գինու ամենամյա փառատոնի շրջանակներում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: «Հայաստանում կան խաղաղի շատ լավ տեղական տեսակներ, սակայն հայ գինեգործներին պակասում է փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները»,- ասել է նա:

Իտալացի սոմելիեն կարևորել է նաև Հայաստանում գինու զբոսաշրջության և գաստրոնոմիայի զարգացումը` օրինակ բերելով Տոսկանայի փորձը: Միաժամանակ, Կանապիկին 10-բալանոց սանղակով գնահատել է հայկական գինին` արժանացնելով այն 7-րդ տեղին:

Իր հերթին, ֆրանսիացի սոմելիե Սերժ Ղուկասյանը հավելել է, որ հիմա գործում է ազատ մրցակցություն, և «Հայաստանը պետք է ձգտի աշխարհին ներկայացնել լավագույնը»: Նա նաև բարձր է գնահատել Գինու փառատոնի կազմակերպիչների ջանքերը, որն անցած տարվա համեմատ անցկացվել է բարձր մակարդակով: