AM
9 Հոկտեմբեր 2012 - 08:15 AMT

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը կհաշտեցնի նաև ՓՄՁ ներկայացուցիչներին

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի լիազորությունների մեջ կմտնի նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների բողոքների քննարկումը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին լրագրողներին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: «Հետագայում, կախված հաշտարարի գրասենյակի հնարավորությունների բարձրացումից, այն կարող է քննարկել և լուծել ՓՄՁ բողոքները»,- ասել է նա:

Դրա հետ կապված Դարբինյանը նշել է, որ այդ հարցը հիմա գտնվում է քննարկման փուլում: «ԿԲ-ն կարևոր նշանակություն է տալիս հաշտարարի աշխատանքին սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչն ուղղակի և անմիջական ազդեցություն ունի ֆինանսական համակարգի կայունության բարձրացման վրա, հատկապես նման երկրներում»,- ասել է նա:

Երևանում աշխատանքն է սկսել երկօրյա միջազգային համաժողովը «Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը` ուղղված հասարակության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը-3» թեմայով:

Միջոցառմանը զեկույցով հանդես կգան Մեծ Բրիտանիայի ֆինանսական հաշտարարը, Ֆրանսիայի ապահովագրական օմբուդսմենը, Կանադայի բանկային և ներդրումային օմբուդսմենը, ինչպես նաև Նոր Զելանդիայի ապահովագրության և խնայողությունների օմբուդսմենը, Իռլանդիայի ֆինանսական օմբուդսմենը, Ռուսաստանի, ՀԲ, Հայաստանի ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ: Հյուրերը կներկայացնեն ֆինանսական հաշտարարի աշխատանքի միջազգային փորձը, կծանոթանան Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի աշխատանքի, բանկային և ապահովագրական օրնեսդրության հետ: