AM
10 Հոկտեմբեր 2012 - 11:40 AMT

Փորձագետ. Հայաստանը մինչ օրս չի գրանցել ԵՄ իր գինին արտահանելու իրավունքը

ԵՄ փաստաթղթում, որը վերաբերում է արտահանմանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնաբերել է, որ Վրաստանին հաջողվել է եվրոպական երկրներ արտահանելու համար գինու 18 տեսակ գրանցել, Մոլդովան 24 մլն լիտր գինի արտահանելու իրավունքն է գրանցել, իսկ Հայաստանն այդ ցուցակում չկա: Այդ մասին մասնագետն ասել է Երևանում հոկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում:

Մակարյանը հավելել է, որ այդ հարցով դիմել է էկոնոմիկայի նախարարություն, որն այժմ զբաղված է ԵՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցություններով: «Նախարարության պատասխան նամակում ասվում է, որ այդ խնդիրները կլուծվեն ԵՄ հետ Ազատ առևտրի մասին համապարփակ պայմանագրին միանալու շրջանակներում»,-ասել է նա:

Պետք է նշել, որ ԵՄ-ում Վրաստանի կողմից «Վրաստանը գինեգործության օրրան» ապրանքանիշի գրանցումը տարակուսանք է առաջացրել հայ հնագետների շրջանում: Ըստ Արենիի հնագիտական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանի, ԵՄ-ն իրավունք չուներ Վրաստանը հայտարարել «Գինու օրրան», ելնելով Հարավային Կովկասի ներկայիս սահմաններից: Նման կոչում կարող է կրել ոչ թե կոնկրետ մի երկիր, այլ ողջ տարածաշրջանը, ներառյալ նաև Իրանը, Թուրքիան ու Սիրիան: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արենիի քարանձավում են հայտնաբերել աշխարհի հնագույն գինու հնձանը, որը վեց հազար տարեկան է:

Հաշվի առնելով այս ամենը՝ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել է, որ ԵՄ-ն պետք է չեղյալ հայտարարի իր որոշումը «Վրաստանը գոնու օրրան» ապրանքանիշը Վրաստանին ամրագրելու վերաբերյալ: Ըստ նրա, Վրաստանն ուղղակի օգտվել է նրանից, որ այդ բրենդը կարող է հետաքրքրություն առաջացնել գինեգործների համաշխարհային հանրության շրջանում: