AM
11 Հոկտեմբեր 2012 - 11:38 AMT

Անդրանիկ Օհանջանյան. ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական խնդիրը ապահովագրության կուլտուրայի բացակայությունն է

Երևանում անցնում է ապահովագրության ոլորտի առաջաար ռուս մասնագետների վարպետության դասը, որը կազմակերպել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը:

Ինչպես PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը, առաջին վարպետության դասը նվիրված է հետևյալ թեմաներին՝ «Ապահովագրական ընկերությունների և գործակալների ազդեցությունն ապահովագրական մշակույթի զարգացման վրա» և «Կամավոր ապահովագրատեսակների վաճառքի զարգացման գործնական մեթոդներ»: Վարպետության դասը կվարեն հայտնի ռուս բիզնես-թրեյներներ և քոուչեր Իվան Ռիբկինը և Էդուարդ Պադարը, որոնք նաև տարբեր աշխտությունների հեղինակներ են:

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական խնդիրը ապահովագրության կուլտուրայի բացակայությունն է բնակչության շրջանում և այս միջոցառումն ուղղված է հենց այդ կուլտուրայի զարգացմանը»,-ասել է նա: Նա հավելեց նաև, որ Ասոցիացիան մտադիր է հետազոտություններ անցկացնել այդ ուղղությամբ, քանի որ «բնակչության շրջանում ապահովագրական կուլտուրայի ձևավորումը մեկ օրվա գործ չէ»: