AM
12 Հոկտեմբեր 2012 - 08:53 AMT

ՌԴ տրանսպորտի նախարարը վստահ է, որ գազի հարցով ձեռք կբերվի բոլորին ձեռնտու պայմանավորվածություն

Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման հարցը քննարկվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հանձնաժողովի 14-րդ նիստի ավարտին հայտնել է հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Բանակցությունները դեռ ընթանում են, մենք դինամիկ կերպով առաջ ենք շարժվում այս հարցում, համոզված եմ, որ մենք, ինչպես միշտ, կհասնենք բոլոր կողմերին ձեռնտու պայմանավորվածությունների»,- ասել է նա:

Պետք է նշել, որ դա Սոկոլովի առաջին մասնակցությունն է նման միջոցառմանը` որպես հանձնաժողովի ռուսական կողմի ղեկավար: Սոկոլովն այդ պաշտոնում փոխարինել է ռուս նախկին համանախագահ Իգոր Լևիտինին:

Նիստում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդի խնդիրներն առանց բացառության բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսության, մշակույթի, ռազմատեխնիկական համագործակցության: