AM
12 Հոկտեմբեր 2012 - 09:30 AMT

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու ՌԴ միջև տարեվերջին կգերազանցի 1 մլրդ դոլարը

Առևտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում է բավականին դինամիկ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հանձնաժողովի 14-րդ նիստի ավարտին հայտնել է հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «2011թ. ապրանքաշրջանառությունը կազմեց 1 մլրդ դոլար, այս տարվա վիճակագրությունը 8 ամսվա համար գերազանցել է 800 մլն դոլարի նիշը: Այդպիսով, մենք այդ ցուցանիշն այս տարի կհասցնենք 1 մլրդ դոլարի»,-ասել է նա:

Անդրադառնալով ռուսական ներդւոմների հոսքին ՀՀ տնտեսության մեջ՝ ՌԴ տրանսպորտի նախարարը ասել է, որ վերջին 20 տարում դրանց ծավալը կազմել է 3 մլրդ դոլար, որից ուղիղ ներդրումները Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 2,5 մլրդ դոլար: «Այդպիսով, մենք տեսնում ենք որոշակի ծավալ, և ինչը հատկապես հաճելի է, այդ ներդրումները հիմնականում ուղիղ են՝ ուղղորդվում են նյութատեխնիկական բազայի զարգացմանը, բիզնեսին: Ինչ վերաբերում է ծավալի նվազեցմանը ընթացիկ տարում, դեռ վաղ է եզրակացություններ անել, սպասենք մինչև տարեվերջ»,-հայտարարել է նա:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալների, օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ առաջին կիսամյակում նվազել են 40 տոկոսով, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ: Օտարերկրյա ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է 266 մլն դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 6 տարում:

Օտարերկյա ներդրումների նման կտրուկ անկում նկատվել էր միայն 2008 թվականին, ճգնաժամի ժամանակ: Ռուսաստանից եկող ներդրումները նվազել են 80 տոկոսով, Ֆրանսիայից՝ 65 տոկոսով, ԱՄՆ-ից՝ 78 տոկոսով, Մեծ Բրիտանիայից՝ 61 տոկոսով:

Բոլոր ներդրումների 72 տոկոսն ուղղվել է լեռնահանքային, կապի միջոցների և անշարժ գույքի ոլորտներ: Նման դինամիկան վկայում է, որ մեր տնտեսության գրավչությունը օտարերկրացի ներդրողի համար նվազում է: