AM
12 Հոկտեմբեր 2012 - 12:41 AMT

ՌԴ ԱԱՊ-ն պատրաստ է օգնել հայ և ռուս գործարարներին լավ գործընկերներ դառնալ

ՌԴ Արևտրաարդյունաբերական պալատը սերտ ենթակառուցվածքային կապեր ունի բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար, այդ թվում Ռուսաստանի և Հայաստանի մարզերից: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում հայտարարել է ՌԴ ԱԱՊ գործարար խորհրդների հետ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Պադալկոն: «Անպայման օգտվեք այս հնարավորությունեից, իսկ մենք լավ գործընկերներ ու բարեկամներ կբերենք»,-դիմել է նա երկու երկրների գործարարներին:

Երևանում է գտնվում ներկայացուցչական ռուսական պատվիրակությունը, որը ժամանել է տնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին և Հայ-ռուսական ռեգիոնալ երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հայաստանի ԱԱՊ-ն ռուսաստանցիների իր գործընկերների համար հանդիպում էր կազմակերպել, որի ժամանակ հայ և ռուս գործարարները կկարողանան նոր հարաբերություններ հաստատել հետագա համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում են ՌԴ Լիպեցկի, Ռոստովի մարզերի ԱԱՊ, ինչպես նաև Մորդովիայի, Ուրալի ու Ստավրոպոլի երկրամասի ԱԱՊ ներկայացուցիչները:

Պադալկոն նշել է, որ Ռուսաստանն արդեն անցել է ճգնաժամի «շոկային» շրջանը, և չնայած, որ փորձագետները «ծանր» 2013թ. են կանխատեսում ԵՄ-ում իրավիճակի ու ԱՄՆ շուկայի կրճատման ֆոնի վրա, այնուամենայնիվ, նա ՌԴ և նրա գործընկերների տնտեսության հետ կապված մտավախություններ չունի:

Իր հերթին Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հավելեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար գլխավոր ռազմավարական գործընկերն ու ներդրողն է, որին բաժին է ընկնում ներդրումների 50 տոկոսը:

Սարգսյանը նաև կարևորեց երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը: «Այս համաժողովը խթան կհանդիսանա և հարաբերությունների զարգացման նոր մակարդակ կբերի»,-ասել է նա: