AM
15 Հոկտեմբեր 2012 - 10:37 AMT

Արտակ Շաբոյան. Անբարեխիղճ տնտեսվարողները կհայտնվեն «սև ցուցակում»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը պետական գնումների շրջանակում՝ այս անգամ սոցիալական հաստատություններում: Ինչպես հոկտեմբերի 15-ին ՏՄՊՊՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, պետգնումների ոլորտում մեծ խախտումներ են հայտնաբերվել, որոնք մեծ վնաս են հասցրել երկրի բյուջեին: «Այսուհետ, մենք չենք սահմանափակվի միայն անբարեխիղճ տնտեսվարողներին պատժելով, կկազմենք «սև ցուցակ» որպեսզի նրանք չկարողանան մասնակցել պետգնումների մրցույթներին»,-ասել է նա:

Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ:

Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մրցույթներում հաղթած տնտեսվարողները փաստում են, որ որոշ մանկատներ ու ծեռանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով: Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով:

ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթելով են տարբեր մրցույթներում:

Մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սամանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են դրանց շուկայական գներից բարձր գներով և արդյունքում տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում:

Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը: