AM
3 March 2003 - 17:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵԽԽՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի պատվիրակությունը նամակ է հղել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղար Բրունո Խալերին, տեղեկացնելով, որ չի կարող մասնակցել մարտի 5-6 կայանալիք Քաղաքական կոմիտեի նիստի աշխատանքին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նամակում դա պատճառաբանվում է մարտի 5-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլով: Հայկական կողմը հանդես է եկել խնդրանքով չքննարկել այդ նիստում Հայաստանին վերաբերող հարցեր: Սպասվում էր, որ նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսը պետք է տեղեկատվություն ներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իր հանդիպման մասին: Հովհաննես Հովհաննիսյանը ենթադրել է, որ հայկական կողմի խնդրանքը հաշվի կառնվի, եւ Դեւիսի ելույթը կհետաձգվի: Քաղաքական կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ Չեչնիայի շուրջ իրավիճակի քննարկումը, եվրոպական հանրություն կայունության պահպանման հարցերը: