AM
3 March 2003 - 15:27 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻՆ

Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումը Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների միջեւ նախատեսվող հեռուստաբանավեճի վերաբերյալ: Ինչպես հաղորդել է շտաբի մամլո քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը, Ստեփան Դեմիրճյանը հրաժարվում է մասնակցել հեռուստաբանավեճի այն պատճառով, որ նրան չի գոհացնում հանդիպման ձեւաչափը, որը ենթադրում է նաեւ մի շարք տեղական հեռուստաընկերությունների լրագրողների մասնակցությունը հեռուստաբանավեճին, որոնք հարցեր պետք է ուղղեն թեկնածուներին: Ռ.Խաչատրյանի խոսքերով, իրենց նախընտրական շտաբը ակնկալում է միայն թեկնածուների` Ստեփան Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը հեռուստաբանավեճին: