AM
3 March 2003 - 14:28 AMT

ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ՅՈՒՐԻ ՅԱՐՈՎԻ ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերքել է մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքում հնչած հավաստումները, թե ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը հեռացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնից, որը կվերահսկի Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը, ԿԸՀ-ի տվյալների համաձայն, արդեն այսօր ենթադրվում է Յուրի Յարովի այցը Երեւան, իսկ մարտի 4-ին նախատեսվում է նրա հանդիպումը ՀՀ ԿԸՀ ղեկավարության հետ: Երեւան այցելելու Յուրի Յարովի մտադրության մասին հավաստել են նաեւ Ռուսաստանի ԿԸՀ-ում: Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքում ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը մարտի 1-ին հայտարարել էր, որ «փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների սուբյեկտիվ գնահատականի համար Յուրի Յարովը հեռացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնից»: