AM
23 October 2012 - 08:26 AMT

Բագրատ Ենգիբարյան. ՏՏ ոլորտի արտադրանքի 60 տոկոսն արտահանվում է

Հայաստանի մրցակցային առավելությունն է մարդկային կապիտալը: Այս մասին այսօր վարչապետի գլխավորությամբ ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի արտագնա նիստում հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումները:

Ըստ նրա, եթե 2011թ. ՏՏ ոլորտում աշխատում էր 6780 մարդ, ապա 2012թ. այդ թիվը կգերազանցի 7800՝ ապահովելով 15 տոկոս աճ: «Եթե հաշվի առնենք նաև հեռահաղորդակցության ոլորտը, ապա այդ ցուցանիշը կգերազանցի 10 000:

Խոսելով ոլորտի զարգացման միտումների մասին, Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դրանք պահպանվում են միջինը 25 տոկոսի մակարդակում: «Եթե 2011թ. խոսքը գնում էր 205 մլն դոլարի մասին, ապա այս տարի այդ ցուցանիշը կգերազանցի 250 մլն դոլարը»,-ասաց նա:

Բագրատ Ենգիբարյանը նաև ներկայացրեց ոլորտի արտահանման կառուցվածքը՝ նշելով, որ արտադրանքի 60 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, աճում է Եվրոպա արտահանման ծավալը, իսկ Ռուսաստանի և ԱՊՀ շուկաների ծավալները դեռ չեն գոհացնում:

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտն ըստ մասնագետի նաև հատկանշական է նրանով, որ կին-տղամարդ աշխատուժի ներգրավվածության ցուցանիշով Հայաստանում կանանց թիվը հասնում է 35 տոկոսի, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ ցուցանիշը 10 տոկոս է: