AM
23 October 2012 - 13:02 AMT

Իրինա Գայուկը Երևանում ներկայացրել է իր հեղինակած Ուկրաինայում հայ մշակույթի պատկերազարդ հանրագիտարանը

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի է ունեցել ուկրաինացի գիտնական, փիլիսոփա և հայագետ Իրինա Գայուկի «Ուկրաինայում հայ մշակույթի պատկերազարդ հանրագիտարան. Թանգարաններում և արգելոցներում հայ մշակույթի հուշարձանների ցանկով» գրքի շնորհանդեսը: Ինչպես հայտնում է համալսարանի մամլո ծառայությունը, գրքի հեղինակն անձամբ է ներկայացրել հանրագիտարանը, որի վրա աշխատել է շուրջ 6 տարի:

Հանրագիտարանը պատմում է Ուկրաինայի տարբեր շրջանների հայերի կյանքի մասին, նկարագրում է հայ մշակույթի զարգացման պատմությունը, հայերի գործունեության հիմնական ոլորտները՝ առևտուր, զինագործություն և ոսկերչություն, դիվանագիտություն, գորգագործություն, ներկայացրել է նաև հայ-ուկրաինական թատերական և գրական կապերը:

Գիրքն արդեն թարգմանվել է անգլերեն, բնօրինակն ուկրաիներեն է: Հավաքված տեղեկատվությունն աննախադեպ է, նման ծավալի հետազոտություն մինչ այդ երբեք չի անցկացվել:

Հանրագիտարանն արդեն իսկ ճանաչում է ստացել Ուկրաինայում: