Հոկտեմբերի 26-ին Երևանում իր աշխատանքն է սկսել «ԱՊՀ դրամական փոխանցումները. զարգացման հեռանկարներ, նոր միտումներ և տեխնոլոգիաներ» միջազգային համաժողովը:
Միջազգային համաժողովի թեմայի արդիականությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, նրանում է, որ Հայաստանը դրսևորում է իրեն որպես ուժեղ բանկային հատվածով երկիր, որի մասին վկայում է այն փաստը, որ հանրապետությանը հաջողվել է հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը: «Հայաստանի բանկային համակարգում եղել է կապիտալիզացիայի, իրացվելիության բարձր մակարդակ և խիստ բանկային հսկողություն, մենք չենք ունեցել «թեժ փողեր», ինչը թույլ է տվել բանկային հատվածին հաղթահարել ճգնաժամը»,- ասել է նա իր ողջույնի խոսքում:
Երկրորդ, Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք երկրի համար գերակա ուղղություն են: Ավելին, ինչպես նշել է վարչապետը, դրամական փոխանցումները երկրի համար կարևոր նշանակություն ունեն մեծ սփյուռքի համատեքստում, քանի որ հայերի երկու երրորդը բնակվում է արտասահմանում:
Տիգրան Սարգսյանը նաև հավելել է, որ գիտատեխնիկական առաջընթացը էլեկտրոնային վճարումների, էլեկտրոնային բանկինգի և այլ ծառայությունների հասանելիության բարձրացման հետ մեկտեղ բարձրացնում է նաև ռիսկի մակարդակը, ուստի այս ոլորտում կանոնակարգումը պետք է հավասարակշռված լինի, որպեսզի չարգելակի գործընթացը: Նրա խոսքով, աշխարհում նկատվում է իրավաբանական անձանց` ընկերությունների միջև էլեկտրոնային հաշվարկների աճի միտում և փոխանցումների կրճատում ֆիզիակական անձանց միջև, ուստի միջազգային դրամական համակարգերը պետք է մտածեն այն մասին, որպեսզի նոր ծառայություններ առաջարկեն հաճախորդների պահանջմունքները բավարարելու համար:
Վարչապետը հաղորդել է, որ երկրում մեկնարկել են բարեփոխումներ հասարակության էլեկտրոնացման ուղղությամբ, մասնավորապես, շուրջ 10 000 ընկերություններ արդեն ներկայացրել են իրենց հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով, իսկ ահա արդեն 2013-ի հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց հաշվետվություններն էլեկտրոնային տեսքով: «Դա նշանակում է, որ կտրուկ բարձրանում է ինտերնետ օգտագործողների թիվը և քաղաքացիների գրագիտությունը, ինչն իր հերթին հանգեցնում է էլեկտրոնային բանկինգի և այլ ծառայությունների զարգացման անհրաժեշտության, այսինքն հասարակությունը պատրաստ կլինի նոր տեխնոլոգիաների կիրառմանը»,- ասել է նա:
Իր հերթին Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը հավելել է, որ Հայաստանը հսկայական քայլ է կատարել դրամական փոխանցումների համակարգերի օգտագործման մեջ: «Կառավարության մակարդակով երկրում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաշվետվությունների էլեկտրոնացմանը»,- ասել է նա: Դրա հետ կապված Թոսունյանը նշել է, որ նման առաջընթացը հանգեցնում է երկրում բյուրոկրատական քաշքշուկների և կոռուպցիայի կրճատման:
Համաժողովին մասնակցելու համար Երևանում հավաքվել են տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, դրամական համակարգերի ներկայացուցիչներ, ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթիայի խոշորագույն բանկերի ղեկավարներ: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի ԿԲ-ը և UNISTREM դրամական փոխանցումների միջազգային համակարգը:






