AM
26 Հոկտեմբեր 2012 - 08:35 AMT

Ռոբոտների մրցույթում հաղթել են «Այբ» ավագ դպրոցի սաները

Երեկ կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:

«Այբ» ավագ դպրոցի թիմերը լավագույնս ներկայացան մրցույթում` զբաղեցնելով առաջին երկու հորիզոնականները: Առաջին տեղը գրավեց «Սինուս» թիմը` ստանալով 250.000 դրամ, երկրորդ տեղը` «Կոսինուս» թիմը: Մրցանակն է 100.000 դրամ:

Երրորդ տեղը զբաղեցրեց Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի «Պոլիտեխնիկ» թիմը, որի մրցանակն է 50.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ: Խրախուսական մրցանակի արժանացավ Ախթալայի թիվ 1 դպրոցի թիմը` ստանալով 30.000 դրամ և Arduino Uno ծրագրավորվող էլեկտրոնային պլատֆորմ:

Ներկայումս ԱրմՌոբոտիքս խմբակներ գործում են Երևանի 5 կրթահամալիրներում` Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, «Այբ» և Թիվ 131 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև 5 մարզային դպրոցում` Սյունիքում, Լոռիում և Թալինում:

Ռոբոտատեխնիկայի ոլորտն ավելի զարգացնելու նպատակով նախատեսվում է նաև ստեղծել ԱրմՌոբոտիքս լաբորատորիա, որտեղ մրցույթների մասնակիցները, դպրոցական խմբակների սաները և ռոբոտոտեխնիկայով հետաքրքրվողները հնարավորություն կունենան նախագծել, հավաքել ու փորձարկել իրենց ռոբոտները: Բացի այդ կիրականացվի «Ռոբոտիքս Թու Բիզնես» ծրագիրը, որի շրջանակներում մասնակիցները կսովորեն` ինչպես սեփական գաղափարները վերածել բիզնես ծրագրերի:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից, և առաջին նախագիծը հենց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն էր: Մրցույթին գրանցվել էր 25 թիմ Հայաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Առաջին մրցույթում հաջողություններ գրանցելուց հետո միությունն այնուհետև կազմակերպեց «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները: