AM
26 Հոկտեմբեր 2012 - 10:44 AMT

Յուրի Գուսևը նշանակվել է ՎՏԲ (Հայաստան) բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ

ՎՏԲ բանկի դուստր ընկերությունների բաժնի ղեկավար, բանկի ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը հոկտեմբերի 26-ին Երևանում հաղորդել է ՎՏԲ (Հայաստան) բանկում փոփոխությունների մասին: «ՎՏԲ (Հայաստան) բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ է նշանակվել Յուրի Գուսևը: Համապատասխան որոշում է ընդունվել բանկի խորհրդի կողմից»,- ասել է նա:

Յուրի Գուսևն աշխատում է ՎՏԲ խմբում 2008-ից: 2009-ին նա զբաղեցրել է ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2010-ին դարձել է բանկի տնօրինության անդամ, իսկ 2012-ի փետրվարի 1-ից կատարել է բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները:

Յակունինը նշել է, որ նոր գլխավոր տնօրենը ֆինանսական հատվածում աշխատանքի մեծ փորձ ունի: «Համոզված եմ, որ նրա ղեկավարությամբ բանկն ակտիվ կերպով կիրագործի իր առջև դրված խնդիրները և նպատակները»,- ասել է նա: Նա հույս է հայտնել, որ Գուսևն ակտիվ մասնակցություն կունենա նոր ռազմավարության մշակմանը և իրագործմանն առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

Իր հերթին Յուրի Գուսևը հաղորդել է, որ 2013-ին բանկը ՎՏԲ խմբի օգնությամբ մտադիր է մտնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հատված, ավելացնել սպառողական վարկավորումը, ինչպես նաև ձեռնամուխ լինել լիզինգի ծառայությանը, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, լեռնահանքային արդյունաբերությունը: Նրա խոսքով, բանկի ուշադրության կենտրոնում կլինի նաև վերամշակվող գյուղատնտեսական արդյունաբերությունը, որը Գուսևն անվանել է Հայաստանի նավթը: