Մինչև 2013թ ավարտը Հայաստանը կավարտի ԵՄ ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրին միանալու վերաբերյալ բանակցությունների մեծ մասը: Այս մասին հոկտեմբերի 26-ին Երևանում կայացած «Հայաստանի տնտեսական զեկույց 2011» շնորհանդեսի ընթացքում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ արդեն ավարտվել է բանակցությունների 2 փուլ, որոնց ուշադրության կենտրոնում էր արտաքին առևտրի հետ որևէ առնչություն ունեցող Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում բարեփոխումների իրականացումը` եվրոպական ստանդարտներին համապատասխանելու համար: Իսկ մինչև տարեվերջ, ծրագրվում է անցկացնել ևս մեկ Հայաստան-ԵՄ բանակցային հանդիպում:
«Հայաստանի տնտեսական զեկույցը» հրապարակվում է «Տեղեկատավության և հանրային կապերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: «Հայաստանի տնտեսական զեկույց 2011»-ը մշակվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ: Զեկույցն ունի թեմատիկ բնույթ, որի ընթացիկ թողարկման ընդհանուր խորագիրն է. «Առևտրային քաղաքականություն և աճի կայունություն»:
Անդրադառնալով զեկույցի թեմատիկային` փոխնախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում է եղել ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը` ուղղված արտահանմանը, և այստեղ կարևոր նշանակություն ունի առևտրային քաղաքականությունը, ինչպես նաև դրա` հերթականությամբ իրագործելուն ուղղված քայլերը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են տնտեսական զարգացման վերջին միտումները, «Արտահանողների մոնիտորինգ» հետազոտության արդյունքները, ՀՀ-ԵՄ ԽՀ Ազատ առևտրի համաձայնագրի ազդեցության գնահատումներ:






