Հայ ոսկերիչների համաշխարհային միությունն (Armenian Jewellers Association, AJA) այսօր շեշտը չի դնում եվրոպական շուկայի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց AJA նախագահ Գագիկ Գևորգյանը: «Այսօր հայ ոսկերիչները նույնքան արդյունավետ աշխատում են չինական շուկայում, Հոնգկոնգում և անշուշտ ԱՄՆ-ում: Իսկ եվրոպական շուկան այժմ խորը ճգնաժամի մեջ է, մենք այդ շուկայի հետ մեծ հույսեր չենք կապում»,-ասաց նա Երևանում ընթացող ոսկերիչների խորհրդաժողովի ժամանակ:
AJA նախագահը հայտնեց նաև, որ Արաբական երկրներում բնակվող շատ ոսկերիչներ ցանկանում են գալ և աշխատել Հայաստանում, քանի որ իրավիճակն այնտեղ անկայուն է, «իսկ ապագան անորոշ է թվում»:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Գևորգյանն ասաց, որ ոսկու համաշխարհային գների բարձրացման պատճառով ոսկերիչները մտադիր են վաճառել իրենց արտադրանքն ավելի ցածր գնով: «Եթե մինչ ճգնաժամը մենք վաճառում էինք 5000 դոլարի ոսկերչական իրեր, ապա հետճգնաժամային շրջանում ոսկու գների բարձրացումը հանգեցրեց նրան, որ այդ գործերը վաճառվել են մի քանի անգամ ավելի էժան»,-ասել է նա:
Ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը, անցնում է երկրորդ անգամ և նվիրված է միության ստեղծման 15-ամյակին: Այս տարի առաջին անգամ նշվում է Հայ ոսկերչի ազգային օրը՝ հոկտեմբերի 28-ին:
Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 70 օտարերկրյա ընկերությունների ու առանձին վարպետների աշխատռանքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թաիլանդից, Լիբանանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Ճապոնիայից և այլն: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին:






