ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը ապատեղեկատվություն եւ լիակատար անհեթեթություն է համարել իբր փետրվարի 26-ին հայաստանցի զինծառայողների եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Ղարաբաղի հայերի միջեւ փոխհրաձգության վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը: Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, պաշտոնական Բաքվի քարոզչական մեքենան շարունակում է զուր փորձեր ձեռնարկել` ապակայունացնելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Ինչպես հիշեցրել է Սեյրան Շահսուվարյանը, փետրվարի 26-ին ժամը 4 անց 20 րոպեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային ուղղության վրա 5 հոգուց բաղկացած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել էր ներթափանցել ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունք: Մարտական հերթապահություն իրականացնող ղարաբաղյան ուժերի զինծառայողները կասեցրել էին խմբի գործողությունները` ձեռնարկելով նրանց վնասազերծմանն ուղղված համապատասխան միջոցներ: Հակառակորդն ստիպված էր եղել նահանջել, գործի դնելով զենք, մասնավորապես, ինքնաձիգներ եւ ձեռքի նռնակներ: Փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել են ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինծառայողներ, որոնք առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են զինվորական հոսպիտալ: