AM
5 November 2012 - 07:40 AMT

Թուրքիան պահանջում է Լուվրից վերադարձնել Օսմանյան կայսրության շրջանի արվեստի «գողացված» գործերը

Լուվրի նոր տաղավարը, որը նվիրված է իսլամական արվեստին, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Թուրքիայի իշխանությունները պահանջում են Լուվրից վերադարձնել արվեստի «գողացված» ստեղծագործությունները:

Խոսքը գնում է կենտրոնական ցուցանմուշներից մեկի` Օսմանյան կայսրության դարաշրջանի կերամիկական պաննոների մասին:

Թուրքիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին արվեստի գործերն «անօրինական դուրս են տարվել երկրից»: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, պաշտոնական Անկարան արդեն նախաձեռնել է կերամիկական պաննոները վերադարձնելու ընթացակարգ:

Միաժամանակ, Լուվրում թուրքական կողմից ոչ մի պաշտոնական հարցում դեռ չեն ստացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թանգարանի ղեկավարությունը նշում է, որ իսլամական արվեստի հավաքածուն ձևավորվել է միջազգային նորմերին համապատասխան` հաշվի առնելով 1970թ. մշակութային արժեքների մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան: