AM
5 Նոյեմբեր 2012 - 09:18 AMT

Օrange Արմենիան 3 տարեկան է

Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երրորդ տարին: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, իր գործունեության մեկնարկից ի վեր Orange-ը կարողացավ ոլորտում շրջադարձային փոփոխություններ անել: «Լիովին վերափոխվեց ինտերնետի շուկան, և սկսվեց իսկական մրցակցություն բջջային հեռախոսակապի շուկայում: Անցնող տարին ընկերության համար եղավ նորարարությունների ու հետաքրքիր նախագծերի տարի: Orange-ը առաջարկեց Հայաստանում առաջին ցանցը, որն առաջարկում է մինչև 42Մբ/վ արագություն երկրի երեք մեծ քաղաքներում և 21Մբ/վ մնացած ողջ ցանցում: Ձայնային ծառայությունների ոլորտում ընկերությունը հանդես եկավ աննախադեպ առաջարկով` Ռուսաստանում առաջարկելով 30դր/րոպե սակագնով ռոմինգ»,- ասաց նա:

Անդրադառնալով սմարթֆոնների շուկային, Orange Արմենիայի գլխավոր տնօրենը շեշտեց, որ Orange-ն իր հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձրեց բոլորին: «Եթե նախորդ տարի Orange Արմենիայի խանութներում վաճառվող սմարթֆոնները կազմում էին հեռախոսների ընդհանուր թվի 8-9%, ապա այս տարի այդ տոկոսը կազմել է շուրջ 20, այսինքն մեր խանութներում վաճառվող յուրաքանչյուր հինգերորդ հեռախոսը սմարթֆոն է: Բացի այդ, այս տարի Երևանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսներում տեղադրվեց WiFi: Տպագրվեցին առաջին Orange Գրքի մրցանակի հաղթողների ստեղծագործությունները, Orange-ի հովանավորությամբ շնորհվեցին հայկական կինոյի առաջին մրցանակները: Այս տարվա ընթացքում Orange-ն առաջինը Հայաստանում ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ, Orange Հիմնադրամի աջակցությամբ 17 000-ից ավելի մարդ անվճար ակնային հետազոտություն անցավ, իսկ 1 000-ից ավելն անվճար վիրահատվեցին»,- ընդգծեց Ժելիբտերը:

«Երրորդ տարին է, ինչ Orange-ը Հայաստանում է և դարձել է իր բաժանորդների առօրյայի անբաժան մասը` ամեն օր փոխելով իր 600 հազ. բաժանորդների կյանքը, որից 80 հազարը ինտերնետի բաժանորդներ են: Արդեն արտասովոր չէ մեծ արագություններով ինտերնետն ունենալ գրպանում` ամբողջ Հայաստանում, արտասովոր չէ ռոմինգից օգտվել այնպիսի սակագներով, ինչպիսիք գործում են երկրի ներսում, արտասովոր չէ անսահմանափակ խոսել մտերիմների հետ. մեր բոլոր բաժանորդների համար սրանք սովորական բաներ են: Մեր նպատակն է դեպի լավը փոխել մեր յուրաքանչյուր բաժանորդի կյանքը, այդ պատճառով ասում ենք նաև նրանց, ովքեր դեռ չեն միացել Orange-ին` արդեն ժամանակն է»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրենը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ է Orange Արմենիան կարողանալու աշխատել ոչ ի վնաս իրեն` Ժելիբտերը նշեց, որ մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է ևս 7 մլրդ դրամ ներդնել, իսկ եկամուտի շեմը կանցնի 21 մլրդ դրամը:

«2012թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով մենք արդեն ակնկալում ենք առնվազն հավասարեցնել ներդրումների և եկամուտների քանակը, իսկ մյուս տարի արդեն, դառնալով 4 տարեկան, ինքնաֆինանսավորվել և կախում չունենալ Մայր Orange-ից»,- ասաց նա: