AM
5 Նոյեմբեր 2012 - 10:30 AMT

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես վիրավորված չեմ

Րաֆֆի Հովհաննիսյանը իր և Խաչատուր Քոքոբելյանի տարաձայնությունների արդյունքում իրեն ուղղված խոսքերից վիրավորված չէ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Յուրաքանչյուր համաձայնություն ձեռք բերելուց հետո, ձեռք սեղմելուց հետո, հայացք կիսելուց հետո, թեման փակված է: Այս թեման փակված է», – իր խոսքում նշեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինքը լավագույնն է մաղթում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: «Հատկապես նոր սերնդին, քանի որ ես վստահ եմ, որ եթե այն պիտի մտնի քաղաքականության դաշտ, ծավալվի, արդյունքներ բերի, իր ինքնության, իր մեջ առաջին հեթին պիտի գտնի սխալները, հանցանքների, մեղքերի իր աղբյուրը»,- ընդգծեց բանախոսը և, թեման եզրափակելով, շեշտեց. «Մի բան ես կարող եմ ասել, ո’չ ես վիրավորված չեմ»:

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, խսելով իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մինչ խորհրդարանական ընտրություններն ունեցած պայմանավորվածության մասին, թե ԱԺ ընտրություններից հետո հրաժարվելու է մանդատից, նշել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին նշել էր.«Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում»: