AM
8 Նոյեմբեր 2012 - 08:19 AMT

Կառավարությունը հաստատել է ատոմային նոր էներգաբլոկի նախագծային անվտանգության պահանջները

Կառավարությունը նոյեմբերի 8-ի նիստում հաստատել է ատոմային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները: Միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ վերոհիշյալ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր միջուկային տեղակայանքի կառուցմամբ, որը հրամայական է դարձնում միջուկային տեղակայանքների նախագծային անվտանգության նկատմամբ կարգավորող պահանջներ սահմանելը:

Նա ասաց նաև, որ նոր ատոմակայանի կառուցումը հրամայական է դարձնում կառուցվող տեղակայանքի նկատմամբ անվտանգության պահանջներ սահմանելը, որը հիմք կհանդիսանա նաև նախագծման համար տեխնիկական պահանջների ձևակերպման, փորձաքննության անցկացման և կառուցման լիցենզիայի հայտի դիտարկան ժամանակ անվտանգության գնահատում իրականացնելու համար:

Վերոհիշյալ որոշման ընդունմամբ միջուկային տեղակայանք նախագծի նկատմամբ կսահմանվեն անվտանգության պահանջներ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված անվտանգության ապահովման նորագույն մոտեցումներին:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միջուկային տեղակայանքների նախագծման և կառուցման լիցենզավորման գործընթացում անվտանգության նոր մոտեցումներ կնախատեսեն:

Որոշման կիրառման դեպքում կապահովվի նոր միջուկային տեղակայանքի նախագծման և կառուցման համապատասխանեցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջներին: