Կառավարությունը նոյեմբերի 8-ի նիստում որոշել է երկարացնել նոր տիպի հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր տեղադրման ժամկետը տնտեսվարողների համար:
Ինչպես կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՊԵԿ փոխղեկավար Վախթանգ Միրումյանը, խոշոր բիզնեսի համար 2013թ. հունվարի 1 ժամկետը փոխարինվել է 2013թ. հուլիս 1-ով, իսկ մյուս տնտեսվարողների համար ժամկետ է սահմանվել է 2015թ. հունվարի 1-ը:
Վախթանգ Միրումյանը հավելել է, որ կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ տնտեսվարող սուբյեկտները հասցնեն անցնել նոր ՀԴՄ-ների կիրառմանը, ինչպես նաև ժամանակ է պետք է դրանք երկիր ներկրելու համար:
Երկրում կա մոտ 60 000 ակտիվ հարկատու, որոնք պարտավոր կլինեն անցնել նոր ՀԴՄ-ների 180 հազար դրամ արժողությամբ:
Նոր ՀԴՄ-ների հանդեպ խիստ պահանջներ են ներկայացվում՝ դրանք պետք է ջրամեկուսիչ հիշող սարք ունենան, միացվեն ինտերնետին, տվյալներ փոխանցեն SIM քարտերի ու 3G ու GPRS կանալների միջոցով:
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 8-ի նիստում որոշել է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը։ Նորաստեղծ ՊՈԱԿ-ը պետք է կազմակերպի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման հարցերը։ Նիստի հավանությանն է արժանացել նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում կաճեն հարկային մուտքերը, որոնց գնահատումը համապատասխան տվյալների բացակայության և ներկայումս կատարվող խախտումների իրական ծավալների անորոշության պատճառով, անհնարին է։






