Նոյեմբերի 8-ին NASDAQ OMX Արմենիա բորսան հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպվի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը:
«Նոր պրոդուկտը պահանջարկ կունենա շուկայում, քանի որ հետաքրքրությունը մեծ է»,-ասել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ըստ նրա, նոր հարթակի գործարկումն ու շահագործումը ոչ միայն ծանր գործ է, այլ նաև շատ ժամանակ է պահանջում ու տարբեր ոլորտների մասնագետների մասնակցություն՝ կանոնակարգողից մինչև ՏՏ ոլորտի մասնագետներ:
Կոնստանտին Սարոյանը նաև հավելեց, որ նոր հարթակը տեխնիկապես պատրաստ է, իսկ գործարքներ հնարավոր կլինի կնքել արդեն եկող երկուշաբթի՝ նոյեմբերի 12-ին:
Օvernight վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ այն կստեղծի ակտիվների առավել արդյունավետ ու ճկուն կառավարման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար ու թափանցիկ գնագոյացմանը:
Օvernight վարկային ռեսուրսների հարթակը գործարկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2010թ. ապրիլի 2-ին: Այսօրվա դրությամբ այդ հարթակը նոր, ավելի երկարաժամկետ պրոդուկտի գործարկման նախադրյալ դարձավ:






