«Հակաադրբեջանական դրսևորումներ Վրաստանում լինում էին նաև Սահակաշվիլիի կուսակցության կառավարման օրոք, սակայն, այն ինչ տեսնում ենք Վրաստանում Իվանիշվիլիի կուսակցության հաղթանակից հետո, անցնում է բոլոր սահմանները»,-մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն:
«Վրաստանի նոր վարչակազմի ներկայացուցիչներն անընդունելի պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին ու վիրավորում են մեր երկիրը»,-ասել է Ահմեդօղլուն:
Նոյեմբերի 6-ին վրաց փորձագետ, Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր Էմզար Ջեգերենայան, մեկնաբանելով երկաթուղու աբխազական հատվածի բացումը, ասել է.«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ գուցե և դժգոհեն, սակայն սա Վրաստանի ռազմավարական շահերի հարցն է, ոչ ոքի թույլ չի տրվում քիթն այստեղ խոթել»:
«Շևարդնաձեի և Սահակաշվիլիի օրոք նման վիրավորական հայտարարություններ չէին լինում: Ադրբեջանում չեն կարող չարձագանքել Վրաստանում առկա նոր միտումներին, որոնք սպառնում են երկրների քաղաքական և տնտեսական հարաբերություններին»,-ասել է Ահմեդօղլուն:
Նա գտնում է, որ բացելով աբխազական երկաթուղին, Թբիլիսին ստիպված կլինի ճանաչել Աբխազիայի պետականությունը, աբխազական անձնագրերն ու սահմանային ու մաքսային ծառայությունները:
«Դրան կհաջորդի Թուրքիայում 800 հազար աբխազների պահանջների բավարարումը, որոնք երազում են աբխազական պետականության մասին: Թուրքիան կարող է կատարել Աբխազիայի 400 հազար բնակիչների ու Թուրքիայի 800 հազար աբխազների պահանջն ու ճանաչել աբխազական պետությունը: Մինչ օրս դրան ըմդդիմանում էր Ադրբեջանը, սակայն եթե Իվանիշվիլիի հակաադրբեջանական քաղաքականությունը շարունակվի, Բաքվում կվերանայեն իրենց վերաբերմունքը Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է քաղաքագետը:
Նա ասել է, որ Վրաստանում կյանքի է կոչվում արտաքին քաղաքականության վերակողմնորոշման ծրագիր, որտեղ աբխազական երկաթուղին քաղաքական նշանակություն ունի:
«Այդ նախագծում կարևոր դեր է տրվում հայերին, որոնց երկաթուղի է պետք ռազմական և այլ բեռները փոխադրելու համար: Տնտեսական նշանակությունն այդ ճանապարհին ավեի փոքր է, քան աշխարհաքաղաքականը»,-ասել է փորձագետը:
«Մենք այդքան կոշտ չէինք արձագանքի աբխազական ճանապարհի մասին նորություններին, եթե բազում այլ իրադարձություններ Վրաստանում հակաադրբեջանական ֆոն չստեղծեին: Հաճախակի դարձած անպատիժ հարձակումները Վրաստանի ադրբեջանցիների վրա, նրանց գույքի կողոպուտը, ադրբեջանցի կանանց վիրավորանքները՝ ջավախահայերի առաջնորդի Վրաստանի խորհրդարանում առաջադրվելուն զուգահեռ, մատնանշում են, որ ազգայնական դրսևորումները վրաց իշխանությունների մոտ կրկին գլուխ են բարձրացնում: Եթե վրացական պետությունը չի ցանկանում պաշտպանել տեղաբնակ ադրբեջանցիների կյանքը, Բաքվում կարող են դիտարկել այդ երկրի ադրբեջանցիների համախմբումը կյանքի ու գույքի պաշտպանության կարգախոսով և ինքնապաշտպանական կառույցների ստեղծմամբ»,-ասե է քաղաքագետը: