AM
27 February 2003 - 14:25 AMT

ԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀԱՆՋԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Իր պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի ընդդիմադիր ուժերը կպահանջեն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, ասվում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին սատարող, 13 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարության մեջ: Ընդդիմությունը, մասնավորապես պահանջում է նախագահի մերձակա շրջապատի` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային գործունեության համակարգման նախարար Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրաժարականը: Ինչպես երեկվա հանրահավաքում հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը «իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակեն ապօրինի ձերբակալված Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց եւ Ժողովրդական կուսակցության ակտիվիստներին»: Բացի դրանից, ընդդիմությունը պնդում է, որ այդ գործերով որոշում կայացրած դատավորների արտոնագրերը պետք է չեղյալ համարվեն: Վ Պողոսյանը ընդդիմության անունից պահանջել է պաշտոնանկ անել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանին: «Դատարանը պետք է նրա դեմ քրեական գործ հարուցի իր պարտականությունները չկատարելու եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին խախտումներին նպաստելու համար»,- ասել է նա: Նշենք, որ ընդդիմությունը համաձայն չէ ընտրությունների ԿԸՀ ներկայացրած արդյունքների հետ, ըստ որի ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 49,47 տոկոս, իսկ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 28,22 տոկոս: