Նոյեմբերի 9-ին Երևանում ԵՄ Twinning «ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում» սեմինարը: 1 մլն եվրո արժողությամբ ծրագիրը իրականացվելու է Հայաստանում 18 ամսում Իռլանդիայի և Լիտվայի մասնագետների մասնակցությամբ և միտված է պետական գերատեսչությունների ինստիտուցիոնալ հնարավորությունների բարձրացմանն ու նրանց համապատասխանեցմանը ԵՄ պահանջներին:
Ելույթ ունենալով ողջույնի խոսքով՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ սեմինարի թեման և բուն ծրագիրը շատ կարևոր են, քանի որ «շուկայի վերահսկողությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը արդիական են Հայաստանի համար»:
Նախարարը կարևորեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում Twinning ծրագրի շրջանակում: Տիգրան Դավթյանը նշեց նաև, որ այդ ծրագիրը համահունչ է երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի ու ԵՄ երկրների տնտեսության ինտեգրմանը: Ավելին, ըստ նրա, սա հիմնական նախադրյալն է ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին միանալու բանակցային ճանապարհին, որի երկու փուլն արդեն ետևում է: «Որակի ներդրման համակարգը շատ բարդ է, առաջիկայում մենք պետք է լիովին բարեփոխենք այդ ոլորտը և համապատասխանեցնենք համաշխարհային փորձին»,-ասել է նա՝ հավելելով, որ դա բավականին ուժ ու ռեսուրսներ կպահանջի:
Իր հերթին ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության աշխատանքային բաժնի ղեկավար Ժան Կրիստոֆ Գայրանը հավելեց, որ ԵՄ-ն ու Հայաստանը արդեն երկար ճանապարհ են անցել, իսկ Twinning ծրագիրն ուղղված է այդ ճանապարհի բարելավմանը: Twinning ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի քաղաքացու առօրյա կյանքը, դա նաև գլխավոր մասն է ԵՄ հետ Առևտրի ազատ գոտու մասին պայմանագրին միանալու ճանապարհին»,-ասել է նա: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ ծրագրի իրագործումը թույլ կտա Հայաստանին բարելավել շուկայի վերահսկողությունը՝ եվրոպական չափանիշներ ներդնելով, այդ թվում ապահովելով անվտանգությունը տեղական շուկայում:






