AM
9 Նոյեմբեր 2012 - 11:16 AMT

Արմեն Պողոսյան. Ատոմակայանի պոտենցիալը ռացիոնալ չի օգտագործվում

Էլեկտրաէներգիան տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դաշտում մեր պետության միակ հաղթաթուղթն է: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ մեր էլեկտրաարդյունաբերության գեներացման հզորությունները այս պահին ծանրաբեռնված են 30 տոկոսով: «Մենք մեր բոլոր հարևաններից ավելի մեծ քանակով էլեկտրաէներգիայով ենք օժտված, բայց այդ պոտենցյալը ռացիոնալ չենք օգտագործում»,- նկատեց Արմեն Պողոսյանը: Անդրադառնալով Ատոմակայանի հարցին, նա ընդգծեց, որ արդեն 3-րդ անգամն է, ինչ ԵՄ-ն ուլտիմատում է դնում մեր առաջ և պահանջում է հայտարարել Ատոմակայանի փակման օրը: «Երբ մենք փակենք Ատոմակայանը, այդ օրը կլինի հայ ժողովրդի ավարտը: Քարե դար կընկնենք: Ոչ բարով էկոլոգները, ոչ բարով հասարակական շարժումը, բառի իսկական առումով, մեզ գցում են քարե դար»,- ասաց Արմեն Պողոսյանը: Նա նաև տեղեկացրերց, որ այս պահին հարևան Թուրքիայում կառուցվում է 4 ատոմակայան, այն դեպքում, երբ եվրոպական հանրությունը պահանջում է փակել հայկականը: Իսկ ահա տեխնոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը կարծում է, որ մեր ծերացած ատոմակայանը խիստ վտանգավոր է: «Այն ապրելու իրավունք չունի, բայց դա չի խանգարում ունենալ նորը: Ատոմակայան ունենալը լավագույն տարբերակն է, բայց պետք է ունենալ հուսալի էներգաբլոկ»,- ասաց պրոֆեսորը:

Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ նոր ատոմակայանի կառուցման արժեքը 5-7 մլրդ դոլար է, իսկ մի քանի տարի առաջ այդ թվերը ավելի փոքր էին: Նա նաև շեշտեց, որ անհնար բան չկա և կառավարության կոչ արեց ավելի լուրջ մոտենալ այս հարցին ու անհապաղ սկսել նոր ատոմակայանի կառուցումը: