AM
27 February 2003 - 14:21 AMT

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԱԼԻԵՎՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն այն մասին, որ առանձին երկրներ միջոցներ են հատկացնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծի դեմ ուղղված արշավի համար: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` հանդես գալով Վաշինգտոնում իր աշխատանքը սկսած «Արեւելք-Արեւմուտք էներգետիկ միջանցք.իրողությունը» թեմայով կոնֆերանսում: Ինչպես հաղորդում է «Պրես-ցենտր.ռու»-ն, Ալիեւը մեղադրել է ԱՄՆ որոշ կոնգրեսականներին այն բանում, որ նրանք հանդես էին գալիս Հայաստանի տարածքով նավթատարի անցկացման օգտին: Իր հերթին նախագահի որդին` Իլհամ Ալիեւը, որը Ադրբեջանի Պետական նավթային կորպորացիայի առաջին փոխնախագահն է, Բաքվում հայտարարել է լրագրողներին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությանն ուղղված արշավի կազմակերպիչներն են Հայաստանը, հայկական սփյուռքը եւ նրանց սատարող որոշ ուժեր: Նրա խոսքերով, «այդ նախագծի իրականացման հետ մեկտեղ սպասվում է մեծ ֆինանսական հոսքերի տարանցում Ադրբեջանով, ինչը կամրապնդի երկրի ներուժը ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում»: Այդ պատճառով Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանի տնտեսական աճը, եզրակացրել է Հեյդար Ալիեւի որդին: