Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, իրականացնում է Երևանի և մարզերի դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր: Արդեն իսկ բանկը մարզական նոր գույք է նվիրել Կապան քաղաքի N7 հիմնական դպրոցին: Նվերը դպրոցին փոխանցել են Յունիբանկի «Կապան» մասնաճյուղի ներկայացուցիչներy, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
«Մարզական նոր գույքը մեր դպրոցի աշակերտների համար երկար սպասված և մեծ նվեր է: Յունիբանկի շնորհիվ այսօր մենք ունենք բոլոր պայմանները, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք կերպով զբաղվել սպորտով: Համոզված եմ, որ այս նվիրատվությունը մեծ խթան կհանդիսանա և ֆիզկուլտուրայով զբաղվելը նրանց համար կլինի ոչ միայն օգտակար,այլև հաճելի», – ասել է N7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը:
Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Հենց այդ պատճառով բանկի ղեկավարությունը դպրոցների աջակցությանն ուղղված մի շարք բարեգործական ակցիաների իրականացման որոշում է ընդունել: Այդ ակցիաների շրջանակներում բանկը hամապատասխան ֆինանսավորում կտրամադրի դպրոցների բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև կաջակցի ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, առաջիկայում, բանկի տրամադրած միջոցներով կվերանորոգվի Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը, իսկ N157 դպրոցում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:






