Փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքում խախտումներ են կատարվել ինչպես երկրի գործող նախագահի կողմնակիցների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այսօր լրագրողների հարցերին: Սակայն, ասել է նա, չնայած ընտրությունների արդյունքների «զանգվածային կեղծման» մասին ընդդիմության հայտարարություններին, խախտումների ծավալը մեծ չի եղել եւ վերջնական արդյունքի վրա չի ազդել: Ռ. Քոչարյանը նկատել է, որ ընտրությունների երկրորդ փուլում Հայաստանի իշխանություններն «անհամեմատ ավելի կոշտ» ձեւով կարձագանքեն խախտումների ցանկացած փորձերին: Պատասխանելով ընտրությունների ժամանակ կարգուկանոն պահպանելու գործում զինված ուժերի մասնակցության հնարավորության մասին հարցին` Ռ. Քոչարյանն ասել է, որ մայրաքաղաքում ոստիկանների թիվը դրա համար բավական է: