Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ցանկացած հանգամանքներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` այդ բոլոր հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ: Մեկնաբանելով նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի այն հայտարարությունները, որ իրենց թեկնածուն կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին միայն մի շարք պայմանների կատարման դեպքում, Ռ. Քոչարյանը հայտարարել է, որ «չի պատրաստվում համոզել որեւէ մեկին մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին»: Պետության ղեկավարը նկատել է, որ առաջին փուլից հետո ընդդիմությունը սկսել է դիմել «հիստերիկ քայլերի», մասնավորապես, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս «իշխանությունը զավթելու» մասին ագրեսիվ հայտարարություններով: Նախագահը զարմանք է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ «պետության բաձրագույն պաշտոնին նման անպատասխանատու մարդիկ են հավակնում, որոնք ընտրությունների արդյունքների մասին սուտ տեղեկություններ տարածելով, հակասահմադրական գործողությունների կոչեր են անում եւ ոտքի հանում ժողովրդին»: «Ո՞վ է կրելու պատասխանատվությունը հնարավոր հետեւանքների համար», – հայտարարել է Ռ. Քոչարյանը: