ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում գործարկվել է ինտերնետի DNS դոմենների անվանումների ներքին սերվեր, որից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները դոմեն անվանումների տիրույթում որոնման արդյունավետության զգալի առավելություն են ձեռք բերել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ընկերությունից:
DNS դոմենային անվանումների համակարգը համացանցի համար յուրօրինակ «հեռախոսագիրք» է: Հայկական ինտերնետ թրաֆիկի փոխանակման Արմիքս (ARMIX) կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել այս համակարգից օգտվելու հնարավորություն: Հայաստանը տարածաշրջանի սակավաթիվ այն երկրների շարքում է, որոնց հասանելի է այս կարևոր ծառայության տեղական «պատճեն»-ը: Ինտերնետային L-Root սերվերները պարունակում են վերին մակարդակի դոմենային անուններ` «.com», «.org», «.net», և «.info»:
Ինտերնետ ներքին տիրույթային սերվերի առկայությունը ինտերնետից օգտվողներին ընձեռում է մի քանի առավելություն: Մասնավորապես`այն հնարավորություն է տալիս մոտ տասն անգամ արագացնել DNS հարցումներին արձագանքումը` բարձրացնելով ծառայության արագությունն ու կայունությունը թե′ լոկալ հատվածում, և թե′ ամբողջ երկրի տարածքում: Համացանցից օգտվողներին ընձեռված հիմնական առավելությունն այն է, որ դոմենային անվանումների որոնումը կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբ միջազգային միացումն ընդհատվում է:






