Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամներին: Վարչապետը պատասխանել է վերջիններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին, Ռուսաստանի, հարևան երկրների և Եվրամիության հետ հարաբերություններին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերին և այլն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և մեր երկիրը շահագրգռված երկկողմ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ: «Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ նշվել է. քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ Մաքսային միության երկրների հետ, ուստի մեր երկրի հետ պետք է ձևրավորվեն համագործակցության հատուկ մեխանիզմներ: Նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պետք է առաջարկի նոր գործիքակազմ, որոնք կօգտագործենք այդ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժանմանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները չի կարելի հակադրել միմյանց, հակառակը՝ դրանք պետք է տեսնել և դիտարկել որպես միմյանց փոխլրացնող հարաբերություններ: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով և այսօր մեզ համար առաջնային նշանակություն ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվարին և նախատեսվում են ավարտել 2013 թվականի վերջին»,- ասել է վարչապետը:






