AM
20 Նոյեմբեր 2012 - 09:10 AMT

Երևանի ու Վանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը կարծես իրական է դառնում. կողմերը համաձայնությունը տվել են

Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու փաթեթը պատրաստ է և Հայաստանի ու Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց համաձայնությունն արդեն տվել են: Մնում է կոմերցիոն շահերին համապատասխան օդանավ գտնել, որի առաջարկները կհամապատասխանեն կողմերի պահանջներին և մեկ տարի հետո չվերթները ստիպված չեն դադարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների

(գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը ներկայացնելիս: Նա հայտնեց, որ այս չվերթը կարևոր է նախ այն տեսանկյունից, որ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հարցում հիմնականում շահագռգռված են Վանի, Բիթլիսի, Կարսի շրջանի գործարարները:

«Մենք փորձում ենք համագործակցել թուրքական գերատեսչությունների հետ: «Եթե Թուրքիայի կառավարությունը չի առարկում Երևան-Ստամբուլ չվերթին, ինչո՞ւ չլինի Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթ»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Ավելացնենք, որ Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու փաթեթը ստեղծվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Երևանի ու Վանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու գաղափարը պատկանում է թուրք գործարար, Van Way Airlines ավիաընկերության հիմնադիր Ասլան Բայրամին: Ըստ նրա՝ օդային հաղորդակցության հաստատումը Երևանի ու Վանի միջև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, Վանում մշակույթի զարգացմանը, նոր գործարար կապերի հաստատմանը հայ և թուրք գործարարների միջև: