ՀԱԿ նախաձեռնությամբ հրավիրված Ազգային Ժողովի արտահերթ նիստը չկայացավ: ՀՀԿ-ի պատգամավորները նիստերի դահլիճ չմտան, թեև ԱԺ-ում էին: ՀՀԿ-ից այնտեղ էին միայն ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորների գրանցումից հետ, պարզվեց՝ դահլիճում ներկա է ընդամենը 44 պատգամավոր և քվորում չապահովվեց:
Ըստ ԱԺ կանոնակարգի` երեք ժամ հետո խորհրդարանը պարտավոր է ևս մեկ գրանցում անցկացնել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը կանխատեսել էր ՀՀԿ-ի նման մոտեցումը: Ժամը 14-ին ԱԺ դարպասների մոտ ՀԱԿ-ը բողոքի ակցիա է հրավիրել:
Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:






