AM
22 Նոյեմբեր 2012 - 05:37 AMT

«Ժամանակ». Ավարտվում է «Արմավիա» ավիաընկերության թռիչքներ իրականացնելու լիցենզիան

«Ժամանակ» թերթը գրում է, որ «Արմավիայի» համար պետության տված երաշխիքը շարունակում է գործել՝ «Զվարթնոցը» չի խոչընդոտում ավիաընկերության չվերթների իրականացմանը:

«Միաժամանակ «Արմավիան» դադարել է անընդհատ կրկնել, թե ընկերությունը վաճառվում է: «Արմավիայից» թերթին հայտնել են, որ առայժմ ոչ մի նոր բան չեն կարող հայտնել ավիաընկերության վաճառքի մասին: Ընդ որում՝ չեն հստակեցվել նաև նախկին պնդումները, թե ընկերության ձեռք բերմամբ հետաքրքրված է իտալական մի ընկերություն, որի հետ բանակցություններ են վարվում:

«Հարցը, թե գուցե «Զվարթնոցի» հետ ավիաընկերության ժամանակավոր հաշտեցո՞ւմն է պատճառը, որ վաճառքի խնդիրն օրակարգից «հանվել» է, նույնպես անպատասխան մնաց:

Հնարավոր է, որ «Զվարթնոց»-«Արմավիա» հակամարտությունն է պատճառ եղել, որ հայկական ավիաընկերության նկատմամբ իտալական կողմի «հետաքրքրությունը» նվազել կամ մարել է, եթե իհարկե այդպիսին եղել է երբևէ: Թեև ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին շահավետ կլիներ «Արմավիան» վաճառել՝ առավել ևս հաշվի առնելով այն, որ հաջորդ տարի ավարտվում է ավիաընկերության թռիչքներ իրականացնելու լիցենզիան, իսկ «Արմավիան», բացի այդ լիցենզիայից, այլ արժեքավոր բան չունի:

Միաժամանակ, «Զվարթնոցին» ձեռնտու չէ, որ «Արմավիան» սնանկ հայտարարվի, քանի որ այդ ժամանակ նա պարզապես չի ստանա իր պարտքը»- գրում է «Ժամանակը»։