Տեղեկատվությունն այն մասին, որ Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը թանկացել են, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
«Դա սխալ տեղեկատվություն է: Կարող եք զանգահարել ավիատոմսերի վաճառքի ցանկցած կետ և այնտեղ կհաստատեն, որ տոմսերը չեն թանկացել»,- ասել է Ավետիսովան և հավելել, որ մեկ ժամվա ընթացքում «Արմավիան» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ տարածված տեղեկատվության վերաբերյալ:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթը հաղորդել էր, որ արտասահմանից վերադարձող Հայաստանի քաղաքացիների խոսքով, Մոսկվա-Երևան ավիատոմսերը թանկացել են: Այդ հաղորդագրությունների համաձայն, եթե մեկ շաբաթ առաջ էկոնոմ կարգի տոմսն արժեր շուրջ 295 դոլար, հիմա այն արժի 370 դոլար: Թերթի հաղորդագրության համաձայն, այդ մասին վկայում են նաև «Արմավիայի» կայքում ներկայացված գները:






