Ի պատասխան «Հայկական Ժամանակ» թերթի «Էս էլ թանկացրին» հոդվածի, որտեղ գրված էր, թե «Արմավիա» ավիաընկերությունը թանկացրել է Երևան – Մոսկվա – Երևան և Մոսկվա – Երևան – Մոսկվա չվերթների ավիատոմսերի գները, ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արմավիա» ավիաընկերության Երևան – Մոսկվա – Երևան և Մոսկվա – Երևան – Մոսկվա, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով գործող սակագները ըստ IATA (International Air Transport Association) պահանջների ավիատոմսերի ամրագրման ավտոմատացված համակարգերում արտացոլված են եվրոյով և հոդվածում ԱՄՆ դոլլարով բերված սակագները արդեն իսկ կասկածի լուրջ տեղիք են տալիս:
«Արմավիա» ավիաընկերության Երևան – Մոսկվա – Երևան և Մոսկվա – Երևան – Մոսկվա ուղղությամբ սակագները վերջին անգամ փոփոխվել են. հոկտեմբերի 28-ին, այն էլ նվազման միտումով՝ հաշվի առնելով «ՁՄԵՌ 2012/2013» աէրոնավիգացիոն շրջանում ուղևորահոսքի նվազման միտումները:
Այս պահի դրությամբ հայաստանյան ավիափոխադրումների շուկայում «Արմավիա» ավիաընկերության սակագները նվազագույնն են, ինչի մասին վկայում են նաև անկախ փորձագետների տված եզրակացությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:






